Միջանցք

Ջավախեթիում ամեն ինչ այլ կերպ է՝ լանդշաֆտը, կլիման, մարդիկ, ճարտարապետությունը: Ամեն անգամ այստեղ գալիս փորձում եմ հասկանալ, թե ինչն է գլխավորը, որն է Ջավախեթիի գաղտնիքը:

70 տարի այստեղ փակուղի է եղել: Խորհրդային Միության սահմանը: Տարածաշրջան, որտեղ մարդիկ տեղաշարժվում էին հատուկ անցագրերով: Այն ժամանակ շատերը լքեցին Ջավախեթին: Այսօր այս շրջանը միջանցք է, ճամփաբաժան կամ երեք երկրների հատման կետ: Այստեղ մեծ նախագծեր կան, այստեղ են հատվում մեծ պետությունների շահերը:

Այս պատմության մեջ ես կպատմեմ, թե ինչպես է փոխվում կամ չի փոխվում Ջավախեթին: Թե ինչ են այստեղ բերում կամ այստեղից տանում մարդիկ ու թռչունները, որոնք այստեղ ապաստան են փնտրում: Ջավախեթիի բնակիչների մեծ մասը հայեր են: 1980-90-ականներին այստեղ Աջարիայից վերաբնակեցրել են մուսուլման վրացիների, էկոէմիգրանտների: Իսկ մինչ այդ, նախորդ դարի 40-ական թվականներին Ստալինի հրամանով այս տարածաշրջանից մի գիշերում արտաքսվել են մուսուլման մեսխերը: Իսկ որոշ գյուղերում մինչ այսօր ապրում են հոգեմարտիկները՝ տեղական էկզոտիկա դարձած սլավոնները:

Ինչո՞ւ է այդքան հաճախ փոխվում այս շրջանի մարդկային լանդշաֆտը: Թե՞ այս փոփոխություններում էլ հենց կայանում է Ջավախեթիի գաղտնիքը:

Մեծ լճերի երկիր

Ջավախեթին ծովի մակարդակից 1800-2100 մետր բարձր է: Վրաստանում ոչ մի տեղ այդպիսի ցուրտ չի լինում, ինչպես այստեղ: Ձմռանը ջերմաստիճանը երբեմն 40-ից ցածր է լինում:

Տեղացիները սովոր են ձյանն ու սառնամանիքին: Այստեղ գրեթե անտառներ չկան: Տները ձմռանն աթարով են ջեռուցում:

Գարնանն այս ցուրտ ձյունածածկ շրջանը կերպարանափոխվում է: Մարգագետիններում ալպիական ծաղիկներ են ծաղկում, բազմաթիվ թռչուններ են գալիս: Ջավախեթին չվող թռչունների համար Վրաստանի գլխավոր միջանցքներից մեկն է:

Փարավանի, Սագամո, Խանչալի, Տաբացկուրի, Մադաթաֆա, Բուգդաշենի. «մեծ լճերի երկիր»՝ այսպես կարելի է անվանել Ջավախեթին: Որոշները խորն են, մյուսները՝ ծանծաղ, սառն ու տաք. ջրլող թռչունների համար դա դրախտ է երկրի վրա: Հենց այդ պատճառով շատերը մնում են Ջավախեթիում, որոշները հանգստանում են չվելու ընթացքում, մյուսներն էլ՝ բներ հյուսում:

Հեգոմարտիկներ

 

1835թ-ի աշնան վերջին Նինոծմինդայի շրջակայքում մարդիկ հայտնվեցին, որոնք ոտքով էին քայլում կամ սայլով տեղաշարժվում:

Հոգեմարտիկներ (դուխոբորներ) կամ հոգու հետ մարտնչողներ՝ այսպես էին նրանք իրենց անվանում:

Ռուս-թուրքական պատերազմից հետո Ջավախեթին դատարկ էր: Իսկ հոգեմարտիկներն, ինչպես անհնազանդները (ուղղափառ բողոքականներ, որոնք չեն ընդունում եկեղեցին և հրաժարվում են բանակում ծառայել), Ռուսաստանի կայսեր կողմից արտաքսվեցին Ջավախեթի:

Թե ինչու է նման որոշում կայացվել, կպատմի Կոլյա Սուխոռուկովը՝ այսօր Ջավախեթիում մնացած ամենատարեց հոգեմարտիկներից մեկը 

 

Նիկոլայի պատմությունը. «Մեզնից ոմանք գնչուներից են սերում, մյուսները գերմանացի են, երրորդները՝ լեհեր, մոլդովացիներ, թաթարներ, կազակներ, ուկրաինացիներ, ֆիններ: Մեր արյան մեջ, ինչ արյուն ասես, կա: Ազգությունը նշանակություն չունի, մենք Աստծո որդիներն ու դուստրերն ենք:

Օրինակ, եթե ձեզ ծարավը տանջում է, և ինչ-որ մեկը ջուր է տալիս, դուք ի՞նչ եք անում, հարցնո՞ւմ եք, թե ինչ ազգության է այդ ջուրը: Նորմալ մարդը շնորհակալություն  կհայտնի և կխմի:

Երբ որոշեցի ամուսնանալ, եկա ծնողներիս մոտ և ասացի. «Երկու կողմից էլ սեր է, մեր խոսքն օրենք է»: Եթե սեր կա, ընտանիքը միայն այն ժամանակ է ամուր: Իսկ ազգությունը կապ չունի: Իմ կինն այլ ազգության է: Մեր պապերը զրուցում էին անմիջականորեն աստծո հետ, որն ապրում է մարդու սրտում և հոգում: Մենք աստծո հետ հարաբերություններում միջնորդներ չենք ճանաչում: Մի ժամանակ քրիստոնեությունն ու մեր աշխարհահայացքը համագոյատևում էին, սակայն հետո մեզ սկսեցին հետապնդել, վերաբնակեցնել: Թե ինչու եկեղեցի չեք հաճախում»:

 

 

Ավելի ուշ աշխատասեր և բարեխիղճ հոգեմարտիկները հիմնավորվեցին Ջավախեթիում: Այն դարձավ նրանց տունը. Գորելովկան, Սպասովկան, Եֆրեմովկան և այլ գյուղեր վերածվեցին սլավոնական բնակավայրերի՝ կոկիկ փոքր տներով, մաքուր փողոցներով, ավանդական կարած հագուստով: Ջավախեթին էլ ավելի բազմակողմանի դարձավ: 

2014թ-ի մարդահամարի համաձայն՝ 2002թ-ի համեմատ Սամցխե-Ջավախեթիի բնակիչների թիվը կրճատվել է 47 հազար 94 մարդով: Գրեթե դատարկվել են Գորելովկան, Սպասովկան, Օռլովկան, Եֆրեմովկան, Տրոիցկոյեն, Տամբովկան, Ռադիոնովկան՝ 7 գյուղերը, որոնցում ապրել են հոգեմարտիկները:

Նիկոլայ Սուխոռուկովը ծնվել և մեծացել է այստեղ, ասում է, որ իր հայրենակիցները լքել են իրենց բնակավայրերը և հեռացել ավելի լավ կյանք ունենալու հույսով:

Հոգեմարտիկները հիմնականում անասնապահությամբ էին զբաղվում: Ալպիական գոտում տնային անասունների հատուկ արոտավայրեր կան, նրանց պանիրն էլ էր ընտիր լինում: Այսօր Ջավախեթիում հաճախ բողոքում են, որ կարոտել են հոգեմարտիկների պանիրը:


Էկոէմիգրանտները

 Հոգեմարտիկների բնակավայրերում հիմա ուրիշներն են ապրում: Մարդիկ, որոնց, նրանց խոսքով, այստեղ է նետել ճակատագիրն ու բնությունը: Էկոէմիգրանտներ Աջարիայից և հարավային Վրաստանի այլ վայրերից, որոնք զրկվել են իրենց տներից ջրհեղեղների և սելավների պատճառով:

Ջավախեթիի խիստ բնությանը նրանք սովորել են: Հիմա ուրիշ խնդիրներ ունեն. չեն կարողանում սեփականաշնորհել տները, տնային կենդանիների համար արոտավայրերը չեն հերիքում: Յուրաքանչյուր ընտանիքի ընդամենը 2 հա հող է հասել, և հնձած խոտն անգամ չի հերիքում երկու կովերին: Իսկ ձմեռն այստեղ 7 ամիս է տևում: Էկոէմիգրանտների մի մասն աշխատում է տեղական ֆերմաներում և ոչ մեծ աշխատավարձ ստանում:

«Թող մեր անունով բնակարանները ձևակերպեն և մարգագետիններ տան: Որպեսզի մեր գլխին տանիք լինի: Եթե մի բան լինի, ո՞ւր գնանք: Չէ՞ որ չենք կարող ողջ կյանքում որպես փախստական ապրել: Հող չունենք, ինչպե՞ս կենդանի պահենք», - ասում է Օմար Շավաձեն՝ էկոէմիգրանտը, որը Գորելովկա է տեղափոխվել Ադիգենիից:

 

Օմարի պատմությունը. «Ես Ադիգենիից եմ, 2011թ-ին տունս քանդեց սողանքն, ու ես այստեղ տեղափոխվեցի: Կառավարությունն օգնեց, ինձ տուն տվեց: Մեր ընտանիքում 5 անդամ կար, աղջիկս ամուսնացավ: Կով ենք կթում, կաթը՝ հանձնում, ահա և մեր ողջ եկամուտը: Երկար ժամանակով այստեղ ոչ ոք չի մնում: Եվ ավելի վաղ այստեղ վրացիների են վերաբնակեցրել 80-90-ականներին, սակայն շատերն են հեռացել: Ձմռանն այստեղ ցուրտ է, շատերը չեն դիմանում: Մենք Ջավախեթիում ենք մեծացել, սովոր ենք: Առանց հողի այստեղ հնարավոր չէ ապրել:

Տասնյակ գործարարներ այստեղ հող են վարձակալում: Ասում են, թե իրենց հողն է, մենք դրան չենք էլ դիպչում: Եվ շրջանում ենք եղել (Նինոծմինդա) և գուբերնիայում (Թբիլիսի), սակայն ոչինչ չի ստացվում. առաջարկում են գնել հողը: Բայց ինչո՞վ գնես, երբ փող չկա: Իսկ այստեղ լավ վայրեր են, կարելի է ապրել: Ով սիրում է անասնապահությամբ զբաղվել, կկարողանա ապրել»:

Այսօր Գորելովկայում մոտ 90 վրացի ընտանիք կա: Հիմնականում՝ տարերային աղետից տուժած Ադիգենիից և Խուլոյից:

Գորելովկայում վերաբնակեցված մուսուլման վրացիները մզկիթ են սարքել. տուն են գնել, վերանորոգել,  մոլլա հրավիրել:

«Ուզում ենք այստեղ մնալ, սակայն եթե հող չտան, չենք կարող: Ես արդեն այն չեմ, որ Թուրքիա մեկնեմ աշխատելու: Լավ էր, որ այստեղ երկաթուղի էին գցում: Շինարարության համար չվերցրին, սակայն պահակի գործ կար»:


Սեզոնային միգրանտները

Գրեթե յուրաքանչյուր հայկական ընտանիքում կա մեկը, որը սեզոնային կամ մշտական աշխատանքի է մեկնում Ռուսաստան: Հիմնականում տղամարդիկ են մեկնում ամռանը: Աշխատում են շինարարությունում, ճանապարհներ են սարքում, իսկ վաստակած գումարով ապրում ողջ ձմեռ:

Ճակատագրից չեմ բողոքում. շինարարությունում եմ աշխատում: Տասը գլուխ անասուն ունենք, կաթը հանձնում եմ: Կին ու երկու աղջիկ ունեմ: Մի բան լավ չէ. տղա չունեմ, բայց պետք է: Արդեն 10 տարի է՝ ոչ մի տեղ չեմ մեկնել, իսկ առաջ միշտ Ռուսաստան էի մեկնում աշխատելու՝ Կրասնոդարի երկրամաս: Շինարարությունում էի աշխատում կես տարի: Այնտեղ շատ մտերիմներ ունեմ, մոտ 5 տարի եմ այնտեղ անցկացրել: Այնտեղ աշխատանք կա, բայց դժվար է, ստիպված ես առանց ընտանիքի ապրել, տաք սնունդը հազվադեպ բան է, տանջանք է:

Մեր գյուղից հիմա մոտ 20 մարդ Ռուսաստանում է աշխատում: Նախկինում գյուղի կեսը գնում էր: Փողն արժեզրկվեց, և առանձնապես իմաստ այլևս չկա. մանրում ես, բան չի մնում: Նախկինում կես տարվա վաստակածի հաշվին ողջ ձմեռ ապրում էի:

Ես այստեղ եմ ծնվել, հայրս վարորդ էր կոլտնտեսությունում: Լավ ժամանակներ էին, լավ ընտանիք էր:

Աղջիկներս դպրոց են գնում: Չեն պատրաստվում ամուսնանալ: Ուզում են ուսումը շարունակել: Վրացերեն լավ գիտեն: Մեկը մաթեմատիկայի օլիմպիադայում երկրորդ տեղն է զբաղեցրել: Եթե նույն ոգով շարունակեն, չեն լինի ինձ պես, կրթություն կստանան: Դպրոցից հետո լրացուցիչ վրացերեն են պարապում, որ հետագայում աշխատանքի հետ կապված խնդիր չունենան:

Ավագ աղջիկս ուզում է Թբիլիսի մեկնել սովորելու: Բնակարան կվարձեմ նրա համար, և նա Թբիլիսի կմեկնի: Մենք էլ, երբ Ռուսաստանում էինք աշխատում, բնակարան էինք վարձում, բոլորս միասին: Հաճախ դա նույնիսկ բնակարան էլ չէր, ընդհանրապես ոչինչ չկար, 6-7 հոգով տախտակների վրա էինք քնում: Չէ՛, ամեն դեպքում, ընտանիքով լավ է: Իմ աղջիկներն այդպես չեն ապրելու:


Թռչունները

Ջավախեթիի սարահարթով է անցնում թռչունների համար կարևորագույն միգրացիոն միջանցքներից մեկը: Գարնանը դեպի հյուսիս են չվում, աշնանը՝ դեպի հարավ: Եվ այդ սարահարթն այդ ընթացքում հարյուր հազարավոր թռչուններով է լցվում: Ծանծաղ, պլանկտոնով և ձկնով հարուստ լճերը ջրլող թռչունների համար հիանալի հանգստավայր են դառնում. այն ճիշտ վայր է հանգստանալու, ուժերը վերականգնելու համար: Չվելը երկար և էներգատար ճամփորդություն է, ուժերի մեծ պաշար է պահանջում: Այդ պատճառով էլ ողջ ամռանը թռչունները պատրաստվում են, ճարպ հավաքում, որպեսզի աշնանը պատրաստ լինեն չվելու: Որոշները ցերեկն են թռչում (արագիլներ, գիշատիչներ), մնացածները՝ գիշերը (բադեր և որոշ ճնճղուկազգիներ): Ձմռանն այստեղ թռչուններ չկան: Ձմեռներն այստեղ սովորաբար խստաշունչ են: Լճերը սառչում են, սնվելու բան չկա 

Փոխարենը ամռանը լրիվ այլ տեսարան է: Որոշ թռչուններ հենց այստեղ են ավարտում իրենց միգրացիան, բներ են հյուսում, ձագեր հանում: Արագիլները ձկնկուլները, բադերն ու նույնիսկ կռունկները (այս տարի Ջավախեթիում ենթադրաբար երեք զույգ բույն էր հյուսում) ապաստան և սնունդ են փնտրում Ջավախեթիի ազգային պարկում և դրա շրջակայքում: Մադատաֆա լճի վրա է հիմնավորվել հայկական ճայերի մի մեծ գաղութ (Larus armenicus): Թերակղզում, որն ամռանը բարձրացող ջուրը կղզի է դարձնում, ապրում է ավելի քան 10 հազար թռչուն:

 

Powered by  Jumpstart Georgia