Դրեզդեն․ գործակալ Պուտինի հետքերով
Ռուսաստանում մարտի 18-ին սպասվող նախագահական ընտրությունների նախաշեմին «Le Monde»-ը հոդվածների շարք է սկսում՝ նվիրված Կրեմլի ղեկավարի անցած ճանապարհին։ Առաջին էտապը․ նախկին ԳԴՀ, որտեղ նա ԿԳԲ-ի սպա էր 1985-ից 1990 թվականներին։

Դրեզդենում ԿԳԲ-ի գրասենյակը դեռ գոյություն ունի՝ քաղաքի կենտրոնից մի փոքր հեռու։ Սա մի երկհարկանի շինություն է, բաց դեղնավուն պատերով։ ԳԴՀ-ի ժամանակներում այստեղ աշխատող գործակալները հետևում էին այլախոհների ամենաչնչին շարժումներին ու փոխանցում տեղեկատվությունը ծառայության գլխամասային գրասենյակ՝ արևելյան Բեռլին։ Դրեզդենում 1985-ից 1990 թվականներին աշխատած Վլադիմիր Պուտինի գործի բնույթը քաղաքական գործիչների ու «պոտեցիալ թշնամիների մասին» տեղեկությունների հավաքագրումն էր։

Թաղամասը շատ չի փոխվել։ Թեքվելով ձախ՝ Կրեմլի ապագա տիրակալը մի քանի քայլ հետո գտվում էր Շտասիի գրասենյակի մոտ՝ Արևելյան Գերմանիայի քաղաքական ոստիկանության, որտեղ 50-ից ավելի բանտախուց նախատեսված էր քաղաքական բանտարկյալների համար։ Աջ թեքվելու դեպքում բավական էր ներկայումս գրաֆիտիներով պատված բետոնե պատի կողքով բարձրանալ, որ հասնի առանց վերելակ մի սովորական շենքի վեցերորդ հարկի իր տունը։ Այս խաղաղ վայրը, ինչպես և շենքերի մի ամբողջ բլոկ նախատեսված էր ռուսական ու Արևելյան Գերմանիայի հատուկ ծառայությունների աշխատակիցների ընտանիքների համար։ Այդտեղից ոչ այնքան հեռու կար նաև նրանց համար նախատեսված ֆուտբոլի հրապարակ։

Գերմանական Սաքսոնիայի հենց այս՝ երբեմնի արևմուտքից կիսված շրջանում է, որ Վլադիմիր Պուտինը գործնականում կիրառել է նախորդ տարիներում ԿԳԲ-ում կուտակած փորձը։ Երբ նա 1985-ին ժամանեց այստեղ, նա ընդամենը 32 տարեկան էր։ Նրա կինը, «Աերոֆլոտի» նախկին բորտուղեկցորդուհի Լյուդմիլան ստիպված էր ենթարկվել մի երկար հետաքննության իր ծագման մասին, առողջական զննություն անցներ ու թեստ՝ լռելու կարողությունը ստուգելու համար։ Նրանց աղջիկը՝ Մարիան նրանց հետ էր։ Երկրորդը՝ Եկատերինան, ավելի ուշ կծնվի այստեղ։ ԿԳԲ-ի այն բաժնում, որտեղ նա աշխատում էր, սովորության համաձայն կեղծանուն էին ընտրում, որի առաջին տառը համապատասխանում էր գործակալի ազգանվան առաջին տառին։ Այսուհետ, նա դառնում է «սպա Պլատով»՝ որպես հիշատակում մի ռուս գեներալի, որը ղեկավարում էր կազակների զորքերն ընդդեմ Նապոլեոնի։

 «Կոմպրոմատ» և պրոպագանդա

Նրա համար այս նշանակումը Դրեզդենում որոշիչ փուլ էր։ Աշխատանքի անցնելով 10 տարի առաջ, երբ նա Լենինգրադի համալսարանի իրավունքի ֆակուլտետի 5-րդ տարում էր սովորում, սահուն գերմաներեն խոսում, նա երկար ճանապարհ է անցել մինչև նրան թույլ են տվել ուղևորվել օտար երկիր՝ այս դեպքում եղբայրական երկրում ծառայության մասնաճյուղում աշխատելու։ Բայց նա իրականացնում էր նաև իր պատանեկության երազանքը․ դառնալ «հաղորդակցության ագենտ», ֆիլտրացիայի ենթարկել ցանցերը և հաշվետու լինել «Կենտրոնին»: Սովետական այլախոհների մասին տեղեկությունների հավաքագրումը թափ էր առնում։ Տվյալների բազան շուտով կներառի 188 000 մարդկանց անուններ, որոնք իրենցից վտանգ էին ներկայացնում։

Լենինգրադում սկզբնական շրջանում գրասենյակային աշխատող Պուտինը համառության շնորհիվ ընդունվեց ԿԳԲ-ի դպրոց՝ Մոսկվայի Անդրոպովի ինստիտուտ․ պարտադիր պայման գործակալ դառնալու համար։ «Մենք այնտեղ իրավաբանություն էինք սովորում, կրիմինոլոգիա, կոմունինստական ու ոչ կոմունիստական շարժումներն էինք ուսումնասիրում, զինվորական կարգապահությունը, մարտական արվեստ, և իհարկե, այն ամենն ինչ վերաբերում էր օպերացիոն աշխատանքին, ինչպես միկրոֆոն տեղադրելը, առանց հետքեր թողնելու խուզարկում իրականացնելը կամ ինչ-որ մեկին բերման ենթարկելը», նշում է ԿԳԲ-ի գեներալ, 68-ամյա Ալեքսեյ Կոնդաուրովը։ Մինչ 1990-ականների սկիզբը վերջինս ղեկավարել է 5-րդ դեպարտամենտը, որը զբաղվում էր ահաբեկչության ու այլախոհության դեմ պայքարով մի քանի մեծ քաղաքներում, այդ թվում՝ Լենինգրադում։ Բայց ինչքան էլ նա փորփրի իր հիշողությունը, նա չի հիշում, որ այդ ժամանակ «երբևէ Պուտինի մասին լսած լինի»։

Անդրոպովի դպրոցում, ուսուցումը անց էր կացվում նաև հոգեբանական մեթոդներով։ «Ես մարդկային հարաբերությունների մասնագետ եմ», մի օր պատասխանել է Պուտինն իր ընկեր Սերգեյ Ռոլդուգինին, երբ հայնտի ջութակահարը համարձակվել է նրան հարցնել, թե որոնք են ԿԳԲ-ի գործառույթները։ «Լրտեսելու արվեստը,- ինչպես խոստավանում էր նրա դասավանողներից մեկը՝ Միխայիլ Ֆրոլովը,- մարդկանց հետ կոնտակտի մեջ մտնելու կարողությունն է, օգտակար մարդկանց ընտրելու ու ճիշտ հարցեր տալու կարողությունը»․․․ Մի քանի տարի անց, Կրեմլի տիրակալը կդիմի այդ տեխնիկային Ջորջ Բուշի հետ իր առաջին հանդիպման ժամանակ՝ մատնանշելով վերջինիս կրոնական հակումները [1]։

Նույնիսկ այսօր Մոսկվայում, ապա Դրեզդենում ստացած կրթությունն ազդեցություն ունեն նրա ցանկացած շարժումի վրա․ մի մարդու, որը բարձրաձել է իշխանության աստիճանով ռեկորդային ժամանակահատվածում․ Սանկտ Պետերբուրգի քաղաքապետի խորհրդական (1992-1996), ՖՍԲ-ի տնօրեն 1998-ին, վարչապետ 1999-ին։ Բորիս Ելզինի կողմից որպես իրավահաջորդ  նշանակված Պուտինն ընտրվեց Ռուսաստանի նախագահ 2000-ի մարտի 26-ին։ 18 տարի անց, նա դեռ նախագահում է իրեն ծանոթ կոնտեքստում․ ՆԱՏՕ-ն սպառնալիք է և ԱՄՆ-ն մնում է թիվ մեկ թշնամի, մրցակից, որի հետ պետք է հակամարտել, նունիսկ եթե մարտն այլևս ոչ մի գաղափարախոսություն չունի։

Նրա նախագահության ժամանակ սառը պատերազմի բոլոր գործիքները վերագործարկվեցին։ Կոմպրոմատը՝ ԿԳԲ-ի հին մեթոդը մարդկանց վրա ճնշում գործադրելու այլևս միայն մասնագետների գործը չէ։ «Բնականաբար, այդ մեթոդը գործի է դրվել, բայց երբեք դա չի հայտնվել հանրային տիրույթում»,- ասում է նախկին գործակալ Գենադի Գուդկովը։ Որպես կոմպրոմատ այսուհետ ծառայում են առանց մարդկանց իմացության նկարահանված հոլովակները, որոնք հեռարձակվում են հեռուստատեսությամբ՝ փրայմ թայմի ժամանակ [2]։

Պրոպագանդան ևս արևմտյան երկրների ու ինստիտուտների իմիջը փչացնելու նոր մեթոնդեր է որդեգրել՝ հիմնված միգրացիոն խնդիրների ու քաղաքական սկանդալների վրա։ Լրտեսությունը, վերջապես, նոր կյանք է ստացել ոչ միայն հաքերների տեսքով, որոնք կասկածվում են ամերկյան ընտրություններին միջամտելու մեջ։ Հին ու բարի, քողարկված գործակալի կերպարը փառաբանության է արժանանում։ 2017-ի ապրիլին, Ռոսիա 24-ի եթերում Պուտինը գովեստի խոսք է հնչեցրել նրանց հասցեին։ «Հրաժարվել քո կյանքից, քո մտերիմներից ու լքել երկիրը երկար տարիներ շարունակ․․․ ոչ բոլորն են դրան ընդունակ։ Նրանք մարդիկ են, որոնք նման չեն մյուսներին, որոնք որակներ ունեն, ոչ ինչպես մյուսները, համոզմունքներ, ոչ ինչպես մյուսները, խառնվածք, ոչ ինչպես մյուսները»։

Դրեզդենում Շտասիի շենքը թանգարանի է վերածվել։ Դրա ցուցափեղկերում Լազար Մատվեևի արծվային հայացքն է․ ԿԳԲ-ի տեղական մասնաճյուղի այն ժամանակվա ղեկավարը մի քանի նկարներում երևում է։ Դրանցից մեկում, նա է Շտասիի գործընկերների հետ՝ շրջապատված համազգեստավոր տղամարդկանցով։ Ձախ կողմում, առաջին շարքում կանգնած՝ Պուտինն է, քաղաքացիական հագուստով։

30 տարի ավելի ուշ, 2017-ի մայիսի 8-ին, Մոսկվայում ռուս նախագահը ինքն է այցելում նախկին ղեկավարին, տեսախցիկների ուղեկցությամբ, նրա 90-ամյակի կապակցությամբ։ Այդ օրը, սմքած դեմքով այդ փոքրամարմին տղամարդը, նորից խոցող հայացքով, հայտնի այցելուի ձեռքից «Պրավդայի» 1927-ի համարներից մեկն է ստանում՝ իր ծննդյան տարեթվով, ժամացույց ու այսպիսի հարգանքի տուրք․ «Աշխատանքը Ձեզ հետ շատ լավ դպրոց էր, կյանքի ու մասնագիտական դպրոց»։ Կրեմլի ղեկավարը մենակ չէր եկել։ Երկու հոգի նրան ուղեկցում էին․ 65-ամյա Սերգեյ Չեմեզովը, Ռոստեկի ներկայից ղեկավարը, պետական մարմին, որը տասնյակ ռուսական ընկերություններ է ղեկավարում, և 67-ամյա Նիկոլայ Տոկարյովը՝ Տրանսնեֆտի խորհրդի նախագահը, մի հզոր ընկերություն, որը զբաղվում է նավթի արտահանմամբ։ Նրանք բոլորը մաս են կազմել ութ սպաների խմբի, որը գտնվում էր Լազար Մատվեևվի ղեկավարության տակ։

Դրեզդենում, մինչդեռ, Վլադիմիր Պուտինի հետքերը հազվադեպ են՝ բացի մի փաստաթղթից, որ նա ստորագրել է ՝ խնդրելով մի ինֆորմատորի տանը հեռախոսային գիծ անցկացնել։ «1973 թվականի դեկտեմբերին, համագործակցության հուշագիր է ստորագրվել ԿԳԲ-ի ղեկավար Յուրի Անդրոպովի ու Շտասիի նրա գործընկեր Էրիկ Միլքի միջև, որը հնարավորությւոն էր տալիս ԿԳԲ-ի գործակալներին արևելյան Գերմանիայում աշխատանքի վերցնել իրենց սեփական «լրտեսներին»,- մանրամասնում է Էմանուել Դղուան, Բեռլինում Մարլ-Բլոխի կենտրոնի պատմաբանը։ «Միլքի համար,- հավելում է նա,- իր ծառայությունների արդյունավետության մի իսկական ճանաչում էր դա, բայց ԿԳԲ-ի հետ քաղքր հարաբերությունները տևում են միայն 1973-ից 1985-ը։ ԳԴՀ-ին դուր չէր գալիս պերեստրոյկան»։

Երբ Պուտինն իր ընտանիքի հետ ժամանեց արևելյան Գերմանիա, Մոսկվայում փոփոխությունների քամին էր փչում, որտեղ Միխայլ Գորբաչովը 1985-ի մարտի 11-ին հենց նոր ստացել էր Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Հին սովետական անձնակազմն ու ԿԳԲ-ի երիատասարդ կադրերը գնալով հեռվանում էին միմյանցից։ «Չնայած նրան, որ մենք չէինք պատկերացնում, թե ինչ է լինելու հետո, մենք հասկանում էինք, որ ԽՍՀՄ-ը տեխնոլոգիապես ուշանում է»,- ընդգծում է Գենադի Գուդկովը։

«Գեոպոլիտիկ աղետ»

Պուտինի աշխարհն արագորեն գլխիվայր շուռ է գալիս։ 1989-ի աշնանը Դրեզդենում ցույցեր են սկսվում, որոշները բախումների են վերաճում։ Դեկտեմբերի 5-ի գիշերը, երբ Բեռլինի պատն արդեն ընկած էր, ամբոխը ներխուժում է Շտասիի գրասենյակ՝ հենց ԿԳԲ-ի պատուհանների տակ։ Կամավորների մի խումբ, որը փորձում էր միջնորդի դեր խաղալ, ղեկավարում էր Ֆրանկ Րիխտերը, նախկին կաթոլիկ քահանա, որն այլևս ամուսնացած է։ «Ես տեսա Հորսթ Բոմին (Շտասիի տեղական ղեկավարը, որը ավելի ուշ ինքնասպան կլինի), երբ նա դուրս էր գալիս գոռոցների ու գոչյունների տակ, սփրթնած, հետո ցուցարարների մի խումբ առանձնացավ, որ գնա դեպի ԿԳԲ-ի շենքը»։ Խոսակցությունների համաձայն, Վլադիմիր Պուտնիը միայնակ դուրս է եկել համոզելու ցուցարարներին, որ նահանջեն։ Բայց «գիշեր էր, ոչինչ չէր երևում ու դա փաստող ոչ մի նկար չկա արված»,- մանրամասնում է Ֆրանկ Րիխտերը։

Իրականում, շենքի ներսում, ԿԳԲ-ի մարդիկ սարսափի մեջ էին։ «Մենք ամեն ինչ ոչնչացրել ենք»,- ավելի ուշ կպատմի սպա Պուտինը, -  մեր բոլոր կապերը, կոնտակտները ու մեր գործակալների ցանցը։ Ես ինքս փաստաթղթերի մեծ մասն այրել եմ»։ Զինվորականները, որոնք գտնվում էին հենց շրջակայքում գտնվող ռուսական բազայում, ուշանում էին։ Հեռախոսի մյուս կողմում մի ձայն պատասխանում է․ «Մենք ոչինչ չենք կարող անել առանց Մոսկվայի հրամանի։ Իսկ Մոսկվան լռում է»։ Այս նախադասությունը հավերժ կմեխվի Պուտինի ուղեղում։ Նրան տարիներ անհրաժեշտ կլինեն, որ շարադրի այն, ինչ տեղի է ունեցել իր հետ այդ օրը՝ «20-րդ դարի ամենամեծ գեոպոլիտիկ աղետը»՝ ԽՍՀՄ փլուզումը [3]։ Երբ նա 1990-ին բռնեց Ռուսաստան հետադարձի ճամփան, հազարավոր սպաներ սկսեցին լքել ԿԳԲ-ն։

[1] http://foreignpolicy.com/2013/11/06/the-seduction-of-george-w-bush/

[2] http://www.ntv.ru/novosti/1618213/

[3] https://regnum.ru/news/444083.html

Powered by  Jumpstart Georgia