Ադրբեջանի ՊՆ կայք
Չեխական զենքն՝ Ադրբեջանում, չեխերն՝ անտեղյակ
Զինատեսակները՝ զորավարժության մասնակից

Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանում սկսվում է խոշոր զորավարժություն, որի մեկնարկի մասին տեսանյութում ու լուսանկարներում երևում են զինատեսակներ, որոնց առկայությունն Ադրբեջանի զինված ուժերում հայտնի չէր։


Dana + RM-70


Razm.info կայքն այս համակարգերն անմիջապես նույնականացնում է որպես չեխական արտադրության Dana ինքնագնաց հրետանային համակարգեր և RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։

Ադրբեջանի ՊՆ կայք
Չեխական Dana ինքնագնաց հրետանային համակարգերը
Ադրբեջանի ՊՆ կայք
Չեխական RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը
Հաստատ Չեխիայից

Լուսանկարներից երևում է, որ Ադրբեջանը գնել է զինատեսակներից մեկի նորագույն տարբերակը՝ Dana-M1M արդիականացումը: Հրետանային համակարգի ավելի հին մոդելներն առկա են տարբեր երկրների սպառազինության մեջ։ Սակայն այս նորագույն տարբերակը ներկայացվել է միայն 2016 թվականին։ Կասկած չի մնում, որ զինատեսակները գնվել են


Հենց Չեխիայից


Հայկական դաշտում այս տեղեկության շրջանառությունից հետո Ադրբեջանի մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը տարածում է լուսանկար, որտեղ մատնացույց է անում, որ զինատեսակներից մեկն Ադրբեջանի բանակում ցուցադրվել է դեռևս տարվա սկզբին։

Զինատեսակների ցուցադրումը Ադրբեջանի նախագահին
Զինատեսակների ցուցադրում հունվարին
Չեխիա-Իսրայել տրանզիտ

Այս զինատեսակների վերաբերյալ հիշատակումներ կային նաև դիվանագիտական բեռի անվան տակ Ադրբեջանի կողմից Սիրիայի ահաբեկիչներին զենքի մատակարարումների մասին հուլիսին բուլղարական մամուլում հրապարակված հետաքննությունում։


Սերբիա-Իսրայել-Ադրբեջան երթուղին


Հետաքննության համաձայն՝ Նիշ (Սերբիա) – Օվդա (Իսրայել) – Նասոսնայա (Ադրբեջան) երթուղիով 5 չվերթ է կատարվել: «Յուրաքանչյուր ինքնաթիռում եղել է 44 տոննա բեռ. ինքնագնաց հրետանի (ենթադրաբար «Դանա») և RM-70/85 ՀԿՌՀ», — հիշատակում է Ռազմինֆոն։ Ստացվում է, որ «դիվանագիտական» մատակարարումներից օգտվել են ոչ միայն զինյալները, այլև Ադրբեջանի բանակը։

Dana ինքնագնաց հաուբից
RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ
Չեխիան իրավունք չուներ

Բայց Չեխիան իրավունք չուներ զենք վաճառել հակամարտության տեսանկյունից վտանգավոր համարվող Ադրբեջանին։ Բարձրացված աղմուկից հետո հաջորդ օրը Չեխիայի ԱԳ նախարարությունը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացնում է, որ Չեխիայի Հանրապետությունը վերջին տարիներին ընդհանրապես չի արտոնել «մահաբեր զինատեսակների» վաճառքը Ադրբեջանին:


Չի արտոնել ու տեղյակ չէ


«Չեխիայի արտաքին գործոց նախարարությունը տեղյակ չէ, թե ինչ ճանապարհով են չեխական արտադրության զինատեսակները հայտնվել Ադրբեջանում: Նախարարությունը կշարունակի քննել այդ հարցը», — նշվում է ռադիոկայանի կայքի հրապարակման մեջ:

 

Չեխիայի Սենատի նախագահ․ Չենք հասկանում, թե ինչպես են չեխական զենքերը հասել Ադրբեջան
Չեխիան դրան համաձայնություն չի տվել

Հոկտեմբերի 4-ին Հայաստանի է այցելում Չեխիայի Սենատի նախագահն ու ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում անդրադառնում իր ձևակերպմամբ՝ նուրբ հարցին․

«Չեխական զենքերը Չեխիայի Հանրապետությունը չի վաճառել Ադրբեջանին: Չեխիան հարգում է այն էմբարգոն, որը դրված է այդպիսի վտանգավոր երկրների վրա: Մենք չենք հասկանում, թե ինչպես են չեխական զենքերը հասել Ադրբեջան, բայց հավաստիացնում եմ, որ Չեխիայի իշխանություններն ու կառավարությունը դրան համաձայնություն չեն տվել»։

ՀՀ նախագահի հետ հանդիպման ընթացքում Չեխիայի Սենատի նախագահը հայտնում է, որ այդ վաճառքն իրականացնողները չեն ունեցել Չեխիայի իշխանությունների թույլտվությունը, և այժմ հետաքննություն է իրականացվում՝ պարզելու, թե ինչպես է կատարվել այդ գործարքը:

Թեմային անդրադառնում է նաև Չեխիայում ՀՀ դեսպանը

Հոկտեմբերի 5-ին հրապարակված հարցազրույցում Չեխիայում ՀՀ դեսպանը պնդում է, որ նաև դեսպանության խնդրանքով ներկայում հետաքննություն է անցկացվում։ Հնարավոր տարբերակների ու հետևանքների մասին չի խոսում. հետաքննության ավարտին են սպասում։

«Նախկինում էլ դեռ տարիներ առաջ ունեցել ենք ահազանգեր, որ Ադրբեջանը փորձում է զենք-զինամթերք ձեռք բերել Ադրբեջանից (Չեխիայի փոխարեն շփոթությամբ նշում է Ադրբեջանից — խմբ), բայց այդ փորձերը համենայն դեպս կանխվել են։ Այստեղ խոսքը գնացել է նաև ոչ միայն լեթալ զենքերի մասին, այլ օրինակ ռադարների և այլն, և այլն։ Բայց այդ գործարքները տեղի չեն ունեցել նաև մեր միջամտությամբ»:

Սլովակիան վաճառել է Իսրայելին, իսկ հետո …
Սլովակիան վաճառել է Իսրայելին, իսկ հետո …

2016 թվականի արտահանումներին վերաբերյալ ՄԱԿ-ին հասցեագրված զեկույցում Սլովակիան ներկայացրել է, որ 2 միավոր RM-70/85 համազարկային ռեակտիվ կրակի կայան է արտահանել Իսրայել։


Իսկ Իսրայելը միջնորդն էր


Սրանով հավանական է դառնում այն տարբերակը, որ Չեխիան զինատեսակները (առնվազն դրանցից մեկը) վաճառել է Սլովակիային, վերջինս՝ Իսրայելին, վերջինս էլ՝ նախապես պայմանավորված լինելով՝ տարանցել է Ադրբեջան։ Ընդ որում՝ վերը նշված երկու միավոր զենքը վերաբերում է միայն 2016 թվականին, և հնարավոր է, որ մատակարարումները շարունակվել են նաև 2017 թվականին։

ՀՀ դեսպան՝ նաև Սլովակիայում
Գուցե Սլովակիան

Չեխիայում ՀՀ դեսպանը համատեղությամբ նաև Սլովակիայում ՀՀ դեսպանն է։ Չի բացառում, որ զենքն Ադրբեջան է տեղափոխվել 3-4-րդ պետության միջնորդությամբ։ Պնդում է, որ հետաքննություն է վարվում նաև Սլովակիայում։

«Չի բացառվում, որ դրանք երրորդ կամ նույնիսկ չորրորդ երկրների միջոցով են գնացել։ Ի դեպ, առաջին իսկ օրից մենք իհարկե հարցում ենք կատարել Չեխիայի պատկան մարմիններին <…> Ասեմ նաև, որ նույն գործողությունները հիմա կատարում ենք նաև Սլովակիայում, որովհետև այսպես ենթադրյալ սխեմաներից մեկի համաձայն՝ միգուցե ասենք Սլովակիայի տարածքով էլ գնացած լինի, կամ հենց Սլովակիայից գնացած լինի»։

Նոր գնումների կասկածներ

Չեխիայի ռազմարդյունաբերության ընկերությունների ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, քննարկվել են երկկողմն ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարներն, Ռազմինֆոյի փոխանցմամբ հայտնել է Ադրբեջանի իշխանասուն լրատվակայքերից մեկը։ Իսկ Ռազմինֆոն կասկածներ ունի 2015-ին Չեխիայից Ադրբեջան այլ սպառազինություն մատակարարելու մասին. հարցը դեռ ուսումնասիրվում է։

 

Powered by  Jumpstart Georgia